Աստված եվ իրականություն
Մետաֆիզիկան ամեն ինչ արել է Աստծուն կեցության աշխարհ ներքաշելու համար: Սակայն իրականությունը որպես կեցություն եւ ոչինչ դիտարկելու դեպքում, բնականաբար, Աստծո գաղափարի նկատմամբ մետաֆիզիկական մոտեցումը եւս կորցնում է իր իմաստը: Եթե իրականությունը կեցությունն է եւ ոչինչը, ապա Աստծո գաղափարը եւս պետք է վերաբերի թե՛ կեցությանը եւ թե՛ ոչինչին:
I
Կեցության աշխարհում հնարավոր չէ գտնել Աստծուն վերաբերող հարցի պատասխանը, թեեւ իրականում հիմնականում հենց այդպիսի փորձեր էլ եղել են:
Գիտակցելով իրեն սահմանափակ էակ` տարածության եւ ժամանակի մեջ, ներկայությունը Աստծո գաղափարի մեջ է փնտրում այն, ինչ իրեն պակասում է` անսահմանությունը: Աստծո գաղափարի մեջ է ներկայությունը փնտրում թե՛ իր եւ թե՛ շրջապատող աշխարհի կեցության բացատրությունը եւ իմաստը:
Մի կողմ թողնենք Աստծո գաղափարի բոլոր մետաֆիզիկական սահմանումները, Աստծո գոյության կամ չգոյության ապացույցները, որ տվել է մետաֆիզիկան իր պատմության ընթացքում, եւ փորձենք հասկանալ այդ գաղափարը զուտ փիլիսոփայական, հերմենեւտիկական իմաստով:
Եթե ներկայությանը Աստծո գոյության փորձը տրված չէ, ապա որտեղի՞ց նրա մոտ Աստծո գաղափարը, եւ որտե՞ղ ու ի՞նչ ձեւով է Աստծուն պատկերացնում ներկայությունը մինչգիտական, հերմենեւտիկական մտածողությամբ:
Ներկայությանը, իրոք, Աստծո գոյության փորձը տրված չէ. նրան տրված է միայն սեփական կեցության եւ իր շրջապատի փորձը: Հանդիպելով սեփական, ինչպես նաեւ շրջապատող կոնկրետ առարկաների սահմանափակությանը եւ ժամանակավորությանը` ներկայությունը, միեւնույն ժամանակ, չի գտնում այդ սահմանափակությունը իրեն շրջապատող աշխարհում որպես այդպիսին, որը նրան անսահման ու անվերջ է ներկայանում եւ այլ կերպ չի էլ կարող ներկայանալ, ինչպես վերն ենք ցույց տվել: Դա հիմք է տալիս ներկայությանը ենթադրելու բացարձակ` ոչ իր պես սահմանափակ ու ժամանակավոր, կեցություն, որին ոչինչ չի խոչընդոտում` հասու լինելու աշխարհին, կեցությանը որպես այդպիսին, հետեւաբար` տեղյակ լինելու ներկայության դերին ու կոչմանը այդ կեցության մեջ եւ դրանով իսկ տնօրինելու թե՛ կեցությունը, աշխարհը որպես այդպիսին, եւ թե՛ ներկայության ճակատագիրը:
Նման գաղափարը ներհակ է ներկայությանը եւ իր սկզբնական, անաղարտ տեսքով արդարացի հերմենեւտիկական հարցադրում է:
Այդուհանդերձ, մետաֆիզիկան ամեն ինչ արել է այդ հարցադրման սկզբնական նաիվ ճշմարտացիությունը ռացիոնալացնելու եւ կեցութենականացնելու համար` ներքաշելով Աստծուն կեցության աշխարհ:
Ե՛վ Աստծո գոյությունը պնդող, ե՛ւ այն ժխտող ուսմունքները համերաշխ են մեկ հարցում. hիշյալ ուսմունքների համար Աստված կեցության աշխարհում է կամ էլ տեղ չունի կեցության աշխարհում, քանի որ ներկայությունը նրան օժտում է բացարձակ եւ իրական, հավիտենական կեցությամբ, իսկ նման կեցություն կեցության աշխարհից դուրս մետաֆիզիկան չի պատկերացնում:
Ներքաշելով Աստծուն կեցության աշխարհ` մետաֆիզիկան կեցութենականացնում է նաեւ նրա եւ այդ աշխարհի հարաբերությունը, ինչը արտահայտվում է, առաջին հերթին, այդ հարաբերությանը պատճառահետեւանքային կապի բնույթ հաղորդելով. ըստ այդմ, Աստված է կամ չէ աշխարհի ու դրանում տեղի ունեցող բոլոր երեւույթների պատճառը, իսկ աշխարհը եւ դրանում տեղի ունեցող երեւույթները հետեւանք են կամ չեն Աստծո գործունեության:
Բայց իրականությունը որպես կեցություն եւ ոչինչ դիտարկելու դեպքում, բնականաբար, Աստծո գաղափարի նկատմամբ մետաֆիզիկական մոտեցումը եւս կորցնում է իր իմաստը:
Եթե իրականությունը կեցությունն է եւ ոչինչը, ապա Աստծո գաղափարը եւս պետք է վերաբերի թե՛ կեցությանը եւ թե՛ ոչինչին: Ինչպես ցույց ենք տվել, իրականության մեջ մշտական անցում է տեղի ունենում կեցությունից դեպի ոչինչ եւ հակառակը: Հետեւաբար, Աստծո գաղափարի մեջ` որպես այդպիսին, նման առնչությունը պետք է որ ունենա իր տեղը:
Ներկայությունը Աստծուն ենթադրում է որպես բացարձակ կեցություն, հետեւաբար` կեցության մեջ եւ կեցությանը առնչվող որեւէ ինչ կամ ոչինչ չպետք է, այսպես ասած, դուրս մնա, վրիպի այդ կեցությունից, այն պետք է իր մեջ ընդգրկի ամեն ինչ եւ ոչինչը, որքանով այն առնչվում է կեցությանը:
Աստծուն էլ, ըստ այդմ, պետք է փնտրել ոչ միայն կեցության աշխարհում, այլեւ ոչինչի եւ դրանով իսկ` իրականության մեջ:
II
Այդուհանդերձ, Աստծո մասին ներկայության հերմենեւտիկական պատկերացումը նրան վերագրում է բացարձակ կեցություն, հետեւաբար` ինչպե՞ս կարելի է, այսպես ասած, համատեղել բացարձակ կեցությունը եւ ոչինչը` որպես նրա բացարձակ ժխտում, ի վերջո, կեցությո՞ւն է Աստված, թե՞ ոչինչ:
Նման մոտեցումը, սակայն, հատուկ է հենց մետաֆիզիկական մտածողությանը, եւ հակասությունն էլ, ըստ էության, մետաֆիզիկական է եւ որոշակիորեն արհեստական:
Այդ հակասությունը ընդգծվում է ներկայության մտածողության հենց մետաֆիզիկական մակարդակում եւ, համենայն դեպս, ամենեւին հրատապ չէ, երբ խոսքը կրոնական մոտեցման մասին է, երբ Աստված ընդունվում է որպես հավատի առարկա:
Կրոնը Աստծուն ընդունում է ուղղակի այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի ներկայության պատկերացմամբ, եւ մետաֆիզիկական հակասությունները այդ մտածողությանը ամենեւին չեն մտահոգում:
Ավելի կոնկրետ` Աստված որպես հավատի առարկա ներկայության կողմից ենթադրվում է հենց իրականության մեջ, որպես թե՛ կեցությունից եւ թե՛ ոչինչից վեր կանգնած բացարձակ կեցություն:
Կրոնը այդ ճշմարտությունը ընդունում է a priori, անվերապահ կերպով, եւ եթե եղել էլ են կրոնական փիլիսոփայական կամ ավելի ճիշտ մետաֆիզիկական ուսմունքներ, որոնք փորձել են ապացուցել կրոնական այս կամ այն ճշմարտությունը, ապա դրանց իրական նպատակը ավելի շատ եղել է իրեն տեսական համակարգերով պաշտպանող աստվածամերժության դեմ պայքարը:
Կարելի է պնդել, որ Աստծո մասին կրոնական գաղափարը, լինելով մինչգիտական եւ մինչտրամաբանական, հերմենեւտիկական արմատներ ունի: Այդ գաղափարը մինչգիտական է եւ կա ինչպես կրոնի ջատագովների, այնպես էլ աստվածամերժների մոտ: Այդ գաղափարը ռացիոնալացնելու, սահմանելու փորձերը մշտապես սնանկացրել եւ, այսպես ասած, մանրել են այն, քանի որ սահմանում տալ Աստծո գաղափարին` արդեն իսկ նշանակում է նրա անսահմանությունը սահմանափակելու փորձ անել:
Լինելով հերմենեւտիկական` Աստծո գաղափարը պետք է որ իր արտացոլումը եւ հիմնավորումը ունենա իրական լինելու հավակնող, ոչ մետաֆիզիկական փիլիսոփայության մեջ:
III
Աստծո մասին ներկայության գաղափարը անխզելիորեն կապված է Աստծո հավիտենականության գաղափարի հետ: Հավիտենականությունը, ըստ ներկայության, բացարձակ կեցության ամենաառաջին եւ կարեւորագույն ատրիբուտն է:
Ըստ այդմ, Աստված հավիտենական է, եւ ի տարբերություն ժամանակով սահմանափակված ներկայության`Աստված անսահման է ժամանակի առումով:
Այդ անսահմանությունը, սակայն, ինչպես վերն ենք ցույց տվել, կարող է դրսեւորվել նաեւ հավերժության ձեւով, ուստի ի՞նչն է, որ ներկայությանը ստիպում է ժամանակի առումով Աստծո անսահմանությունը պատկերացնել հենց հավիտենականության ձեւով:
Հավերժությունը, ինչպես արդեն ասել ենք, բնորոշ է ներկայությանը շրջապատող աշխարհին, այլ խոսքով` կեցության աշխարհին, որը ներկայությանը ներկայանում է որպես վերջավոր իրերի անվերջ, հավերժական հոսք: Աստծո մասին հերմենեւտիկական պատկերացումը, մինչդեռ, ենթադրում է Աստծո վեր լինելը ամեն տեսակ վերջավորից ու անցողիկից, դրանով իսկ` նրա հավիտենականությունը:
Ընդ որում, հերմենեւտիկական ասելով նկատի ունենք Աստծո մասին մինչգիտական պատկերացումը` ինչպես կրոնական, այնպես էլ ոչ մետաֆիզիկական, հիրավի փիլիսոփայական:
Ներկայությունը Աստծուն պատկերացնում է ժամանակից դուրս, որտեղ նույնանում են անցյալը, ներկան եւ ապագան, իսկ նման արտաժամանակայնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` հավիտենականությունը այն իմաստով, որի մասի արդեն առիթ ունեցել ենք խոսելու:
Արդեն ասել ենք, որ հավիտենականությունը ժամանակի իդեալական, բացարձակ ատրիբուտն է, որը նրան վերագրում է ներկայությունը` փնտրելով դրա հիմքերը իր ներսում եւ շրջապատում։ Հավիտենականությունը ներկայության պատկերացմամբ կանգնած ժամանակն է, որը ենթադրվում է որպես զուտ, բացարձակ ժամանակ։
Արդեն ասել ենք նաեւ, որ հավիտենականությունը եւ ակնթարթը` ինչպես դրանք պատկերացնում է ներկայությունը, համընկնում են, եւ որ հավիտենականությունը նույնքան չկեցություն է, որքան ակնթարթը։
Հետեւաբար, Աստծուն պետք չէ եւ չի կարելի փնտրել կեցության աշխարհում: Լինելով բացարձակ կեցություն` Աստված վեր է ներկայության հասկացած կեցության աշխարհից եւ այն ժամանակից, որը վերապրում է ներկայությունը:
Միաժամանակ, կա առնչություն Աստծո եւ կեցության աշխարհի միջեւ, կա օղակ, որը կապում է Աստծուն ներկայության եւ նրա միջոցով` կեցության աշխարհի հետ, եւ այդ օղակի ժամանակային մոդուսը ակնթարթն է:
Ներկայությունը ունի ակնթարթի ըմբռնում, թեպետ չունի դրա լիարժեք փորձը, ակնթարթը կարծես անընդհատ անցնում, սահում է ներկայության միջով` առանց կանգ առնելու, այն, ըստ էության, չկեցություն է եւ ոչինչ` ինքնին, սակայն ներկայությունը ունի նրա մասին գաղափար, հերմենեւտիկական պատկերացում` ելնելով իր իսկ կեցությունից, եւ ավելին` ներկայությունը այն ենթադրում է որպես իսկական, իդեալական ժամանակ:
Ակնթարթը ներկայության մեջ հենց ոչինչն է ներկայության մեջ` ժամանակային առումով, ներկայության գիտակցությունը ինքը իր բովանդակությունից անջատվելու դեպքում վերածվում է անցյալի եւ ապագայի միջեւ բացված ակնթարթի, որը միաժամանակ կա եւ չկա, չկեցությունից եկող եւ դեպի չկեցություն գնացող ավելի շուտ հասկացվող, ենթադրվող, քան վերապրվող փաստ է:
Իր ամբողջ հակասականությամբ եւ անորսալիությամբ հանդերձ` ակնթարթն է ժամանակի մեջ Աստծուն եւ ներկայությանը միավորողը, եւ ժամանակի մեջ ակնթարթի ներկայությունը կարելի է, թերեւս, համեմատել կեցության աշխարհում Աստծո ներկայության հետ, այն է` լինել կեցության աշխարհում ընդմիշտ եւ միաժամանակ չլինել երբեք :
Դրանից էլ` Աստծո գաղափարի հետ կապված բոլոր հակասությունները ավանդական փիլիսոփայության, առաջին հերթին` մետաֆիզիկայի մեջ:
Այդ հակասությունների հաղթահարման ուղին միակն է, եւ այն, ինչպես ասել ենք, Աստծուն կեցության աշխարհ չներքաշելն է, այլ նրան իրականության մեջ փնտրելն է:
IV
Հաջորդ կարեւորագույն ատրիբուտը, որ վերագրում է ներկայությունը Աստծուն, անսահմանությունն է:
Անսահմանության մասին ներկայությունը շատ քիչ բան գիտի կամ գրեթե ոչինչ չգիտի, բացի նրանից, որ կեցության աշխարհում այն երբեք իրեն չի ներկայանում եւ հանդես է գալիս ավելի շուտ որպես սեփական սահմանափակության ժխտում: Ըստ այդմ, անսահմանությունը վերացարկում է, որի միջոցով ներկայությունը բացարձակ կեցությանը օժտում է մի ատրիբուտով, որը ի սկզբանե պակասում է իրեն` որպես սահմանափակ եւ վերջավոր կեցության:
Ի տարբերություն սեփական սահմանափակ կեցության` ներկայությունը Աստծուն պատկերացնում է որպես անսահման կեցություն, հետեւաբար եւ` դուրս ժամանակային եւ տարածական ամեն տեսակի սահմանափակումներից:
Տարածության առումով անսահմանությունը պետք է որ պատկերացվի նույն կերպ, ինչպես ժամանակի առումով պատկերացվում է հավիտենականությունը, այսինքն` տարածությունից դուրս եւ վեր գտնվելը:
Անսահմանության մասին ներկայության պատկերացումը այդքանով, ըստ էության, ավարտվում է: Սակայն նման պատկերացումը ամենեւին չի օգնում նրան հասկանալ, թե ի վերջո, ի՞նչ կապ կարող է ունենալ նման անսահմանությամբ օժտված Աստված կեցության աշխարհի հետ, որը ներկայությանը ներկայանում է որպես տարածական:
Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ եթե ներկայությունը չունի եւ իր կեցության եղանակով չի էլ կարող ունենալ անսահմանության փորձը, ապա անվերջությունը, ի տարբերություն անսահմանության, տարածության փորձում որոշակիորեն տրված է ներկայությանը` ի դեմս կետի, որը թեեւ որպես տարածության չտրոհվող միավոր պարզապես աբստրակցիա է, սակայն այդուհանդերձ իր հիմքում ունի ներկայության փորձը. տարածությունը ներկայանում է կետերի անվերջ բազմության ձեւով։
Միաժամանակ, կետը այդ իմաստով նույնքան անորսալի է ներկայության համար, որքան եւ ակնթարթը` ժամանակի դեպքում։
Ուստի կետի անվերջությունը յուրօրինակ կապող օղակ է ներկայության կողմից Աստծուն վերագրվող անսահմանության եւ կեցության աշխարհի սահմանափակության եւ վերջավորության միջեւ: Աստծո անսահմանությունը` լինելով անհասանելի ներկայության փորձի համար, այդ փորձին ներկայանում է անվերջության ձեւով: Անվերջությունը, այդպիսով, հանդես է գալիս որպես անսահմանության յուրատեսակ մոդուսը կեցության, տարածական աշխարհում:
Անսահմանության եւ անվերջության առնչության նման ընկալման դեպքում ներկայությունը հնարավորություն է ստանում ե՛ւ դուրս բերել Աստծուն կեցության աշխարհից` պատկերացնելով նրան որպես տարածությունից դուրս գտնվող անսահման կեցություն, ե՛ւ որոշակի կապ բացահայտել Աստծո եւ կեցության աշխարհի միջեւ:
Դրանով իսկ, կարելի է հաստատել, որ ըստ ներկայության գաղափարի` անսահման Աստված տարածությունից դուրս է, իսկ կեցության աշխարհում, տարածության մեջ նրա անսահմանությունը դրսեւորվում է անվերջության ձեւով:
Դա, իր հերթին, հիմքեր է տալիս տարածությանը Աստծո առնչությունը բնութագրել հետեւյալ բանաձեւով` լինել տարածության մեջ ամենուր եւ միաժամանակ չլինել ոչ մի տեղ, ինչպես կետը:
Մետաֆիզիկայի համար Աստծո եւ տարածության նման առնչությունը անհասկանալի է եւ հակասական: Ինչպես եւ Աստծո հավիտենականության գաղափարի դեպքում, նման հակասություններից խուսափելու միակ ուղին Աստծուն ոչ թե կեցության աշխարհում, այլ իրականության մեջ փնտրելն է:
V
Ինչպես եւ խոստացել էինք, վերը փորձեցինք տալ Աստծո մասին ներկայության հերմենեւտիկական գաղափարի փիլիսոփայական հիմնավորումներից մի քանիսը:
Այդպիսով, ներկայության մոտ կա գաղափար Աստծո մասին` որպես բացարձակ կեցություն, որը, նախ եւ առաջ, հավիտենական է` ժամանակային, եւ անսահման` տարածական առումներով:
Աստծո բացարձակ կեցության եւ ներկայության կողմից նրան վերագրվող ատրիբուտների հետ կապված հակասությունները, ինչպես, հուսով ենք, մեզ հաջողվեց վերը ցույց տալ գոնե ինչ-որ չափով, կարող են հաղթահարվել հարցի նկատմամբ ոչ մետաֆիզիկական, կեցության աշխարհով չսահմանափակված մոտեցում ցուցաբերելու դեպքում:
Աստծո բացարձակ կեցությունը ենթադրում է, որ նա իրականությունում է եւ դրանով իսկ` պետք է առնչվի ինչպես կեցության աշխարհին, այնպես էլ ոչինչին եւ միաժամանակ վեր լինի դրանցից, չլինի դրանցից ոչ մեկը:
Պետք է առնչվի կեցության աշխարհին` նշանակում է պետք է ներկա լինի, կեցության աշխարհում պետք է լինեն Աստծո ներկայության, այսպես ասած, նշաններ` թեկուզեւ դժվար որսվող: Ավելին, այդ նշանները պետք է լինեն հենց դժվար որսվող, քանի որ Աստծո գոյության ակնհայտ ապացույցները կեցության աշխարհում կնշանակեին Աստծո կեցութենականացում, ինչը իրականության լիարժեք պատկերացման դեպքում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել:
Նման դժվար որսվող նշաններ կարող են համարվել, ինչպես վերը ասացինք, ակնթարթը` ժամանակի, եւ կետը` տարածության մեջ:
Թե ինչ առնչություն կարող է ունենալ Աստված ոչինչի հետ` ներկայությունը այդ հարցին պատասխանել ի զորու չէ: Միակ փաստը, որ ներկայությունը կարող է արձանագրել այդ առումով, այն է, որ եթե ոչինչին իր հաղորդակցվելը բացառված է, ապա Աստծո համար դա ոչ միայն բացառված չէ, այլեւ հենց թելադրվում է նրա բացարձակ կեցությամբ:
Արման Հովհաննիսյան©2011 Բոլոր իրավունքները պահպանված են:
